ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բակո Սահակյան. Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից

Բակո Սահակյան. Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից
01.04.2017 | 18:34

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:


«Սիրելի՜ հայրենակիցներ,
Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ:
Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ:
Թշնամու ագրեսիան լիակատար ձևով ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից և ոչ մեկը:
Հակառակորդն առերեսվեց Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեր քաջարի զինվորների, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ և ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
Ցավոք, հակառակորդի ստոր և սադրիչ գործողությունների հետևանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաև խաղաղ բնակիչներ:


Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:
Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռևանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսևորում:


Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովին պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը և կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար:
Սիրելի՜ ժողովուրդ,
Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի»:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ